Տարածաշրջանային

Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի կողմից Կիպրոսի սուվերեն իրավունքները խախտելու քայլերը

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի կողմից Կիպրոսի սուվերեն իրավունքները խախտելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կիպրոսի կառավարությունը կիրակի օրը հայտարարել էր, որ իտալական «Էնի» ընկերության՝ նավթ հայտնաբերելու համար նախատեսված նավով Էգեյան ծովի կղզիներում կատարվող հորատման աշխատանքներին խոչնդոտել են Թուրքական ռազմանավերը:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ էր կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:

«Մեր ռազմանավերը, օդուժը և մյուս անվտանգության միավորումները այս պահին ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լիազորված են իրականացնելու ցանկացած միջամտություն»,- Հունաստանին սպառնացել էր Էրդողանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի նման պահվածքը:

«Մենք կտրականապես դեմ ենք Թուրքիայի նման պահվածքին»,-ասել է Յունկերը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթային ընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ սկսել աշխատանքը: Մինչ այդ ENI իտալական նավթային ընկերությունը, ֆրանսիական Total-ի հետ, հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում, եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական է որակել Թուրքիայի գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում