Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

ՖԻԴԵ-ի նախագահը Սերժ Սարգսյանից ռևանշ է խնդրել, արագ շախմատն ավարտվել է ոչ-ոքիով


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ռևանշ է խնդրել, արագ շախմատում նրանք համաձայնել են ոչ-ոքիի: Փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում խաղի մանրամասները ներկայացրեց ՖԻԴԵ-ի նախագահը, ով Երևանում է և մասնակցում էր Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանն Իլյումժիմովին հաղթել է 2016թ. մարտին Մոսկվայում՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո:

«Սերժ Սարգսյանը վաղուց ոչ միայն իմ ընկերն է, այլև մրցակիցը շախմատային խաղատախտակի վրա: Նա ոչ միայն փայլուն խաղացող է քաղաքական հարթակում, նաև փայլուն խաղացող է շախմատային տախտակի վրա: Տասը տարվա ընթացքում չեմ հիշում մի տարի, որ հանդիպելիս միասին շախմատ խաղացած չլինենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Իլյումժինովը:

Նրա խոսքով` այսօր էլ չեն դիմացել գայթակղությանն ու խաղացել են: Նախորդ տարի Մոսկվայում Իլյումժինովը պարտվել է ՀՀ Նախագահին, այսօր առաջարկել է կրկին խաղալ: «Նախորդ անգամ Մոսկվայում ես պարտվեցի, այսօր, երբ տեսա տախտակը, ասացի՝ գուցե խաղանք, նա էլ պատասխանեց` ուզո՞ւմ ես պարտվել, եթե ուզում ես, արի: Տվեց ինձ սպիտակ խաղաքարերը, բայց մենք երեք րոպեում համաձայնեցինք ոչ-ոքիի: Պարտիան դժվար էր, բայց ես ունեի առավելություն, քանի որ խաղում էի սպիտակներով»,-պատմեց ՖԻԴԵ-ի նախագահը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ