ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Համակարգում ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող և «ուժեղացված նախազգուշացումներով» երկրների շարքում, որոնցում խորհուրդ է տրվում տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և խիստ զգուշավորություն պահպանել:
ԱՄՆ պետդեպի ներկայացրած համակարգում Հայաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել՝ պահպանելով նախազգուշական տարրական միջոցները: