Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը կհամախմբի ժամանակակից հայ գրողներին
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովն օգնում է, որ Հայաստանում, Սփյուռքում ստեղծագործող հայ գրողները ճանաչեն միմյանց, ծանոթանան միմյանց գործերին, հետևեն գրական մամուլի գործունեությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում և Երևանում:
«Կմասնակցեն 17 երկրից 46 գրող: Նրանք ժամանել են Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից. Արցախի հայ գրողների միությունը նույնպես կմասնակցի: Համաժողովի թեման կլինի ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»,-նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ Համաժողովի ավարտից հետո հրատարակվելու են մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների գործերը:
Համաժողովի թեման կլինի «Ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: Զեկույցներով հանդես կգան Պետրոս Դեմիրճյանը, Վարդան Դևրիկյանը, Սուրեն Աբրահամյանը, Սաթենիկ Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Քնարիկ Աբրահամյանը և այլք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում