Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Սեւան քաղաքի Ս. Սեւանեցի փողոցում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ

Սեւան քաղաքի Ս. Սեւանեցի փողոցում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ
ԳԱՎԱՌ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւան քաղաքի Սարգիս Սեւանեցի փողոցում շարունակվում են բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիմնանորոգման եւ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին հիմնանորոգվում են Սարգիս Սեւանեցի փողոցի թիվ 7, 15, 21 բազմաբնակարան շենքերի տանիքները, իսկ քաղաքապետարանի միջոցներով տանիքների մասնակի նորոգումներ են իրականացվել քաղաքի բազմաբնակարան այլ շենքերում:

Սեպտեմբերի 27-ի դրությամբ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են Ս. Սեւանեցի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքում, ընթացքի մեջ է թիվ 15 շենքի տանիքի հիմնանորոգումը: Թիվ 21 շենքի հիմնանորոգումն էլ նախատեսված է ավարտել հոկտեմբերին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում նշված երեք բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման համար, ըստ կնքված շինարարական պայմանագրային արժեքի, հատկացվել է 31 միլիոն 320 հազար դրամ: Հիմնանորոգման մեջ ներառված են մի շարք աշխատանքներ, մասնավորապես` տանիքի ծածկույթի պատրաստում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից, օդափոխության բլոկների վրա պաշտպանիչ գլխադիրների տեղադրում, ձեղնահարկի լուսամուտների ծածկում, ջրհորդանի եւ ձեղնահարկի պատրաստում, մետաղական ճաղաշարի ներկում, փայտե կոնստրուկցիաների ներկում, երկաթբետոնե գոտու վնասված հատվածների վերակառուցում եւ նմանատիպ այլ աշխատանքներ: «Սեւան քաղաքն ունի 213 բազմաբնակարան շենք, որոնցից ամենաերիտասարդը շուտով կբոլորի չորրորդ տասնամյակը: Անցած տարիների ընթացքում շենքերում կուտակվել են մի շարք խնդիրներ: Առաջնահերթությունների ցուցակը գլխավորում է տանիքների առկա վիճակը: Շենքերն ընդգրկված են համատիրությունների կազմում, ուստի բնակիչներն իրենք պետք է լուծեն շենքերին վերաբերող հիմնախնդիրները, սակայն սոցիալական նման պայմաններում այդ խնդիրները լուծում չեն գտնում, ավելին` բնակիչները դիմում են համայնքապետարան` այստեղ փնտրելով իրենց մեծ ու փոքր խնդիրների լուծումը: Իհարկե, տեղական իշխանությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անում են հնարավորը: Արդեն տեղական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են Նաիրյան -153, Նալբանդյան -26 շենքերի տանիքների մասնակի հիմնանորոգման աշխատանքներ: Առաջիկա ընթացիկ աշխատանքներում ընդգրկված են Նաիրյան -139, 170, Գրիբոյեդով -10, Սայաթ-Նովա -5, 25 շենքերի տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները»,-վիճակը ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Նույն աղբյուրի համաձայն՝ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Սարգիս Սեւանեցի փողոցում: «Սեւան համայնքի փողոցների զգալի մասը կարիք ունի ասֆալտապատման ու բարեկարգման: Վերջին երկու ամիսներին այդ ուղղությամբ իրականացվել եւ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքում երբեմնի քանդված անբարեկարգ որոշ փողոցներ եւ բակային հատվածներ արդեն իսկ ներկայանում են նոր տեսքով: Բարեկարգման աշխատանքների երկրորդ փուլը մեկնարկել է Սարգիս Սևանեցի փողոցից, որը գտնվում է մարդաշատ եւ խիտ բնակեցված թաղամասերի տարածքում: Տարիների ընթացքում այս փողոցը դարձել էր դժվարանցանելի, տեղաշարժի համար` խիստ անհարմար: Սարգիս Սեւանեցի փողոցում իրականացվող բարեկարգումը ներառում է երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրման աշխատանքներ: Փոսալցման աշխատանքների արդյունքում փողոցը ներկայանալու է նորովի: Ս. Սեւանեցի փողոցի հարակից Կոմիտաս փողոցը եւս ներառված է բարեկարգման աշխատանքների ցանկում»,-հավաստեց քաղաքապետի խորհրդականը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am