Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի «Սպիտակ աղավնին». Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան

Թուրքիայի «Սպիտակ աղավնին». Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացիԵրկրորդը՝ հայ եմ»,- այսպես էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կյանքն ու գործունեությունն ուղղեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական վերքերը սպիացնելուն և երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելուն: Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահվանից անցել է արդեն 10 տարի, ու թեպետ նրա երազանքները մնում են դեռ չիրականացված, սակայն  նրա կյանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար:           

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովը

Իր կենդանության օրոք Դինքը վստահ էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը ժամանակի հրամայականն է, և այն պետք է պարտադրվի: Այս մասին նա ասում էր. «Որքան էլ երկու կողմերում ազգայնականները խուսափեն «հայ» և «թուրք» բառերը միասին կիրառելուց, մեկ է, ճակատագիրն այս երկու ժողովրդին նույն աշխարհագրական գոտում, կողք կողքի ապրելու է դատապարտել. այլընտրանք չկա»: Նա վստահ էր, որ երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա խնդիրները չպետք է լուծվեն որևէ երրորդ պետության միջամտությամբ: Հայոց ցեղասպանության հարցը տարբեր պետությունների խորհրդարաններում և կառավարություններում քննարկելու փաստի առնչությամբ նա այսպես էր դատում. «Մեր իրականությունը միայն մյուսների ընդունելո՞վ է իրականություն դառնալու: Արդյո՞ք մեր ներաշխարհը կհանդարտվի, եթե մեր իրականությունը շարունակի թեմա մնալ տեղի ունեցած ողբերգության ականատես պետությունների ընդունելու արդարամտության կամ չընդունելու անարդարության միջև: Նրանց ժանգոտված խի՞ղճն է կարողանալու մաքրել մեր սրտերը: Թող մեր իրականությունը մեզ մնա, նրանց ժանգոտված խիղճն էլ՝ նրանց»: Նրա համոզմամբ՝ միայն երկխոսությունը կարող էր նպաստել կողմերում շփմանն ու սառույցի հալմանը, ընդ որում, շփումները պետք է լինեն ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլ նաև պետք էր զարկ տրվեր ժողովրդական դիվանագիտությանը:

Պատմությունը ոչ թե լուծելայլ հասկանալ

Հրանտը կարծում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը պատմական քննարկումներն են: Նա վստահ էր, որ Թուրքիայում պատմությունը հասկանալու համար ժամանակ և ջանք է հարկավոր, քանի որ գիտակցման և վերափոխման գործընթացը մեկ օրում լինել չի կարող: «Այսօր Թուրքիայի առջև դրված խնդիրը ո՛չ «ժխտումն» է, ո՛չ էլ «ընդունումը»: Նրա հիմնական խնդիրը «գիտակցելն» է: Էականն այն է, որ թուրք հասարակությունը հասնի պատմական իրողության գիտակցմանը: Սա հնարավոր է միայն Թուրքիայում ընթացող ժողովրդավարական պայքարի զարգացմամբ»,- ասում էր Դինքը, ով կարծում էր, որ տասնյակ տարիներ ապատեղեկատվական տարափի ներքո գտնվող թուրք ժողովուրդն այս հարցում լուրջ վերականգնման կարիք ունի:

Թուրքիայի սպիտակ աղավնին

Ապրելով Թուրքիայում՝  Դինքն իրեն երբեք օտար չհամարեց: Լինելով իսկական քաղաքացի՝ նա մինչև վերջ պայքարեց ավելի առաջադեմ և ժողովրդավար Թուրքիա տեսնելու համար: Երբ ազգայնական շրջանակների կողմից իր հասցեին հնչեցվող սպառնալիքների ժամանակ շատերը հորդորում էին նրան հեռանալ Թուրքիայից և գալ հայրենիք՝ Հայաստան, Դինքը վրդովմունքով էր պատասխանում՝ ասելով, որ հենց ինքն է գտնվում իրական հայրենիքում: «Սա իմ երկիրն է»,- մշտապես ասում էր նա՝ հավելելով. «Այո՛, մենք՝ հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են: Սակայն մի անհանգստացեք, ոչ թե այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»:

Ու ապրեց Դինքն աղավնու անմեղությամբ և ազնիվ հավատով, որ այդ երկրում աղավնիներին չեն սպանումՈւ զոհվեց Դինքը թուրք դավադրի ձեռքով, ով անգամ քաջություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և թիկունքից երեք կրակոց արձակելուց առաջ միայն բղավեց՝ «գյավուր»՝ հիմք տալով մտածելու, որ սպանությունն իրականացվեց թուրքական դարավոր թշնամանքի հողի վրա՝ դասելով Թուրքիայի «Սպիտակ աղավնուն»՝ Հրանտ Դինքին Հայոց ցեղասպանության նահատակների շարքին:

Արաքս Կասյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]