ՀՅԴ և «Ելք»-ի պատգամավորության թեկնածուները ամփոփում են նախընտրական քարոզարշավը
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուզաննա Առաքելյանի կարծիքով` մայրաքաղաքում մարդկանց` քաղաքականության մեջ ներգրավվածությունը մեծ է, մինչդեռ «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Բաբայանի կարծում է, որ մարդկանց քաղաքականացման նպաստավոր պայմաններ չկան: Այս մասին քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսեցին մարտի 30-ին կայացած ասուլիսին:
«Կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իրավիճակը փոխել և տանել դեպի քաղաքականացված ընտրություններ: Սակայն վարկանիշային ընտրակարգը և, առհասարակ, Հայաստանում տիրող իրավիճակը թույլ չի տալիս հասարակության քաղաքականացում» ,- ասաց Նարեկ Բաբայանը:
Խոսելով վարկանիշային ընտրակարգից` «Ելք» դաշինքի ներկայացուցիչն այն համարեց ոչ դրական փոփոխություն: Ըստ նրա` վարկանիշային ընտրակարգը կունենար արդյունք, եթե Հայաստանում լիներ կայուն ժողովրդավարություն և վարկանիշային թեկնածուները լինեին քաղաքական ասելիքի կրողներ: Իսկ Ռուզաննա Առաքելյանը նշեց` վարկանիշային ընտրակարգի ներմուծումը արդյունավետ է եղել ՀՅԴ-ի համար:
««Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը դարձավ սահմանադրական բարեփոխումների հիմնական առաջարկողը, և մենք իշխանության հետ համագործակցության պայմանագիր կնքեցինք: Վարկանիշային համակարգով ներկայացված անհատները պատահական մարդիկ չեն, նրանք բավականին հայտնի են մեր ժողովրդին: Սա էլ իր հերթին նպաստեց, որպեսզի աճի մեր ընտրազանգվածը» ,- նշեց ՀՅԴ պատգամավորության թեկնածուն:
Պատգամավորության թեկնածուները դրական գնահատեցին նախընտրական քարոզարշավի ընթացքը, արձանագրելով, որ ավելացել է ընտրազանգվածը: Ռուզաննա Առաքելյանի հավաստմամբ` թեև ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված, որոնց մեծ մասը մտավորականներն են, այժմ նկատվում է նաև երիտասարդ ընտրազանգվածի աճ: Իսկ տարածված այն կարծիքին, որ «Ելք»-ին հարում են հիմնականում երիտասարդները, Նարեկ Բաբայանը հակադարձեց` «Ելք» դաշինքը նախընտրում է ինտելեկտուալ մարդկանց մի զանգված, որոնց մեջ տարիքային սահմանափակումներ չկան:
Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:
Մարիամ Բաբայան
Լուսինե Թադևոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում