Քաղաքականություն

Զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին պետք է լինի զսպման գործոն. Մեդվեդև

4 րոպեի ընթերցում

Զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին պետք է լինի զսպման գործոն. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Եթե մենք մեկ րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի, սակայն այդ պարագայում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի զենքի շուկայում այլ մատակարար երկրների հայտնվելն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:«Զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն օգտագործելու համար, այլ որպեսզի այն լինի զսպման գործոն, և այս պահը պետք է հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը գործընկեր երկիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, իսկ Հայաստանը նաև դաշնակից է ՀԱՊԿ շրջանակներում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում