Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանին երկրպագուները վերջին հրաժեշտը կտան հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան»համերգասրահում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թաղման կառավարական հանձնաժողովից, հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:  

Սեպտեմբերի 29-ին կյանքից հեռացավ մեր ժամանակաշրջանի մեծանուն ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանը: Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 5-ին, Մարսելում (Ֆրանսիա): Ջութակի առաջին դասերը ստացել է հորից և Գաբրիել Ռեյից: Շուտով 11-ամյա հրաշամանուկը տալիս է իր առաջին մենահամերգը Մարսելի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1947 թ. Տեր-Մերկերյանների ընտանիքը ներգաղթում է Հայաստան: Ժանն իր կրթությունը շարունակում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարանում): Այնուհետև, սովորում և ավարտում է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (Դավիթ Օյստրախի ղեկավարությամբ): Ժ. Տեր-Մերկերյանը հաջողությամբ մասնակցել է մի շարք մրցույթների: 1956 թվականին Պրահայի միջազգային մրցույթում արժանանացել  է դափնեկրի կոչման, իսկ 1961 թվականին Փարիզում, Ժակ Տիբոյի և Մարգերիտ Լոնգի անվան միջազգային մրցույթում՝ 1-ին և Գլխավոր մրցանակի: 
Նրա արվեստը բարձր են գնահատել Դավիթ Օյստրախը, Արամ Խաչատրյանը, Հենրիկ Շերինգը, Զինո Ֆրանչեսկատտին և այլոք:
Ժան Տեր-Մերկերյանը ծավալել է բուռն համերգային գործունեություն` հանդես գալով ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում: Նրա յուրաքանչյուր համերգ հաղթանակ էր և տոն:
1981 թվականին Ժ. Տեր-Մերկերյանը տեղափոխվել է  Մարսել և շարունակել իր համերգային և մանկավարժական գործունեությունը, սակայն մշտապես սերտորեն  կապված լինելով Հայաստանին` պարբերաբար ելույթներ է ունեցել նաև Երևանում: Նա ճանացված էր որպես Բախի, Բեթհովենի, Բրամսի, Մենդելսոնի, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծագործությունների լավագույն և յուրօրինակ մեկնաբաններից մեկը: Նա մեծ նվաճումներ է գրանցել նաև մանկավարժության ասպարեզում: Երևանի և Մարսելի կոնսերվատորիաների իր լավագույն սաները նույնպես դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ: Վարպետը հանդես էր գալիս նաև որպես ժյուրիի անդամ՝ Պագանինիի (Իտալիա), Սարասատեի (Իսպանիա), Չայկովսկու (Մոսկվա), Արամ Խաչատրյանի անվան (Հայաստան) և այլ միջազգային մրցույթներում:
Ժան Տեր-Մերկերյանը մեծապես նպաստել է մայր Հայաստանի և Սփյուռքի մշակութային կապերի ամրապնդմանը: Ապրելով իր երկրային կյանքը, նա անմնացորդ նվիրվեց արվեստին, իր ժողովրդին, թողնելով զգալի հոգևոր ժառանգություն:
2015 թվականին երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ժան Տեր-Մերկերյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ