Ադրբեջանում անհետացել է ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցը
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ինտերնետային Meydan TV` միակ անկախ հեռուստաալիքի աշխատակից Շիրին Աբբասովը սեպտեմբերի 16-ին Բաքվում անհետացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի կայքը, ժամը 15-ին Աբբասովը գնացել է համալսարան պարապմունքների եւ չի վերադարձել: Նրա հեռախոսն անջատված է, եւ նա կապի դուրս չի եկել հարազատների ու գործընկերների հետ:
Ենթադրվում է, որ Աբբասովը, հնարավոր է, առեւանգվել է, ինչպես նույն օրը խանութ գնումների գնալու ճանապարհին ՆԳՆ կազմակերպված հանցագործության պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն առեւանգել էին հեռուստաալիքի լրագրող Այթաջ Ահմեդովային եւ 5 ժամ հարցաքննելուց, ահաբեկելուց ու ընդդիմադիր աշխատանքը դադարեցնելու, իշխանություններին քննադատելու, հեռուստաալիքի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին համոզելուց հետո բաց թողել:
Չի բացառվում, որ Շիրին Աբբասովը եւս գտնվում է այդ վարչությունում: Ռեպորտյորը ակտիվ է եղել իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսերի, ինչպես նաեւ լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական գործընթացների լուսաբանման ժամանակ: Աբբասովին հաջողվել էր հազվագյուտ կադրեր տեսանկարել եւ ոստիկանությունը տառացիորեն հետեւից էր ընկել` ձգտելով պատժել:
Մի քանի օր առաջ Meydan TV-ի աշխատակիցները հարցաքննվել էին Ադրբեջանի գլխավոր դատախազությունում:
Meydan TV հեռուստաալիքը, որի խմբագիրը վտարանդի ակտիվիստ Էմին Միլլին է, հեռարձակվում է Եվրոպայում: 2014 թվականի վերջին փակվել է Բաքվում հեռուստաալիքի գրասենյակը: Ադրբեջանում Meydan TV հեռուստաալիքի հետ լրագրողներն ու օպերատորները համագործակցում են ոչ պաշտոնական հիմունքներով: Մեկ ամիս առաջ նրա հարազատները բերման էին ենթարկվել ՆԳՆ հիշյալ վարչություն, որտեղ նրանց փորձել էին համոզել հրաժարվել Էմինից` դրանով փորձելով ազդել վերջինիս վրա, որպեսզի դադարեցնի Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում