Կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարունակելու է բնակչության և ՓՄՁ-ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար: Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է: Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք և անում ենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ կապված խնդիրներին՝ նա ընդգծեց, որ այդ հարցով զբաղվում են Լոռու մարզպետարանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ դա մասնավոր ընկերություն է և սեփականատերը պետք է լուծում տա խնդրին:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Այդ մասին օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում