Օբաման Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն այն կարծիքին է, որ Ուկրաինայի կառավարությունը կատարում է Մինսկի համաձայնություններով ստանձնած իր պարտավորությունները եւ այդ գործընթացի մյուս մասնակիցները պետք է նույնն անեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
Զրուցակիցները քննարկել են «վերջերս Ուկրաինայի արեւելքում բռնության սաստկացումը», որը, ԱՄՆ-ի կարծիքով, տեղի է ունեցել հակամարտող կողմերի սահմանազատման գծում աշխարհազորայինների գործողությունների հետեւանքով:
«Նախագահ Օբաման ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ուկրաինան ձգտում է առաջընթացի հասնել Մինսկի համաձայնություններով ստանձնած իր պարտավորությունների կատարման հարցում, եւ ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է նույնն անի»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը պաշտպանել է Գերմանիայի ջանքերը փախստականների խնդրի լուծման գործում, որոնք Եվրոպա են հասել Աֆրիկայի երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում