Մուրսիի մահապատժի դեպքում նա նահատակ կհայտարարվի. Էրդողան
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսին մահապատժի ենթարկվի, ինչպես վճռել է Կահիրեի դատարանը, ապա նա շեհիդ (նահատակ) կհայտարարվի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարական ընտրությունների կապակցությամբ կազմակերպված քարոզչական նախընտրական հանրահավաքում:
«Եթե նրա նկատմամբ մահապատժի դատավճիռն իրագործվի, ապա իմ եղբայր Մուրսին կբարձրանա շեհիդի մակարդակի: Եթե երբեւէ ես եւս նման ճակատագրի արժանանամ, ապա ես եւս շեհիդ կհամարվեմ», -ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, ով Մուրսիի նախագահության շրջանում սերտ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, վերջինիս նկատմամբ եգիպտական դատարանի մահապատժի վճիռը «սխալ եւ անընդունելի» է բնութագրել:
Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի եւ «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամների նկատմամբ մահապատժի վճիռ է ընդունել` մեղադրելով նրանց պետական դավաճանության, լրտեսության եւ 2011 թվականի հեղաշրջման ժամանակ բանտից փախուստի մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում