Երևանյան բեսթսելեր 3/5. Մարկես, Էկզյուպերի, Դոստոևսկի...
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երկրորդ հորիզոնականում Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունն է՝ «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն երրորդ հորիզոնականում է:
Չորրորդ հորիզոնականում Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունն է՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ:
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ: Թարգմանիչ՝ Արտակ Վարդազարյան, խմբագրումը և պորտուգալերեն բնագրի հետ համեմատությունը` Աշոտ Եղիազարյանի:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, յոթերորդ հորիզոնականում է: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
Ութերորդ հորիզոնականում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել անցյալ տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Շաբաթվա բեսթսելերների ցուցակում իններորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին. գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ, դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ջորջ Օրուելի «1984» վեպը եզրափակում է աղյուսակը: «Անտարես» հրատարակչությունն այն լուըս է ընծայել «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | +3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 24 | |
2 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ |
22 | |
3 | +4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 20 | |
4 | -1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 16 | |
5 | նոր |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 15 | |
6 | +3 | Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» | Անտարես | 15 | |
7 | -6 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 15 | |
8 | * |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 10 | |
9 | -4 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ |
7 | |
10 | * | Ջորջ Օրուել «1984» | Անտարես | 7 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում