Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ականատեսը». Երանի, որ չեք տեսել. Եպրաքսի Գևորգյանը` գաղթի ու ամերիկյան որբանոցում անցկացրած տարիների մասին

«Ականատեսը». Երանի, որ չեք տեսել. Եպրաքսի Գևորգյանը` գաղթի ու  ամերիկյան 
որբանոցում անցկացրած տարիների մասին

ԱՐՄԱՎԻՐ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակվում է ընթերցողին ներկայացնել 1915 թ. ոճրագործության ականատես-վերապրողների հուշերը: 

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ, 1914 թ. Կարսում ծնված Եպրաքսի Գևորգյանը մեկն է այն  հազարավորներից, ում համար ցեղասպանությունն անմիջականորեն ասոցացվում է մանկատանն անցկացրած երկար ու ձիգ, բայց իր գնահատմամբ նաև մարդկային ջերմությամբ լեցուն տարիների հետ:

«Ես ծնվել եմ Կարսի շրջանի Լալոյի Մավրակ գյուղում: Չորս հորեղբայր ունեի, պապ, տատ: Ամեն ինչ ունեինք: Կով ունեինք, ոչխար, հողամաս, բալա ջան, ամեն ինչ էլ կար..»,- տան բակում նստած այսպես է վերհուշը սկսում պատմության հերոսուհին:

Կարսից նա գաղթել է Աշտարակ, ապա Եղվարդ, հետո Ալեքսանդրապոլ (ներկայում` Գյումրի), որտեղից էլ ճակատագրի բերմամբ հայտնվել է ամերիկյան մանկատանը: Հատուկ ոգևորությամբ է հիշատակում հեղափոխական, պետական գործիչ Ասքանազ Մռավյանի դրական վերաբերմունքը կոտորածներից մազապուրծ եղածների հանդեպ«Թուրքի, պատերազմի մասին խոսելիս իմ աչքերը լցվում են..: Երանի, որ չեք տեսել»,- շուտով 100-ը բոլորել պատրասվող ականատեսը: «Պապիկիս, հորս սպանեցին: Մեզ ասում էին պահ մտեք քարափներում, որ բան չլինի: Քեռիս ինձ տարավ մանկատուն`ամերիկական մանկատուն», -հստակեցնում է զրուցակիցը: Նա հիշում է`  ամերիկացիները շատ լավ էին իրենց խնամում: Կերակրում էին, հագցնում, շաբաթը երեք անգամ էլ տանում բաղնիք:

«Հովհաննես Շիրազի, Թադևոս Կարապետյանի հետ մի դասարանից էինք: Շատ լավ էին մեզ պահում նաև ուսումով»,-  ասում է ականատեսը` վարժ մեջբերելով նաև մանկատան տարիներից իրեն որպես հուշ մնացած  խոսեր և արտահայտություններ:

Պատմական ակնարկ

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն Ալեքսանդրապոլում բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Այն հայ կարիքավորներին օգնելու համար դրամահավաք էր անցկացնում: Կոմիտեի ջանքերով նորաստեղծ առաջին որբանոցը կոչվեց «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էր 5-13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվել է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով1919թ. Նպաստամատույց կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորում էին կամ հիվանդանոցներում, կամ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց թիվը շուրջ 25 հազար էր: Սա մարդկության պատմության մեջ երբևիցե գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր «Որբաքաղաք»: Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեն, այնուամենայնիվ, ստանում է ազատ գործելու հնարավորություն, քանի որ այն զուտ մարդասիրական բնույթ կրող կազմակերպություն էր և որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:

Կոմիտեի ծավալած մարդասիրական օգնությամբ` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիվանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, իրական մահից փրկվեցին տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Կոմիտեի որբախնամ գործունեությունը կանոնակարգված բնույթ ստացավ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգամ` մինչեւ 1929 թվականը:


Մանկատան տարիներից պատկերավոր հիշում է Լենինի հետ կապված պատմություններն ու նրա մասին բանաստեղծությունները. «Ընկեր Լենին, հանգիստ իջի գերեզման, բայց իմացի, որ նոր աշխարհը քո ուղով կգնա»:

Եվս մի քանի տարի մանկատանը անցկացնելուց հետո, երբ արդեն շուրջ 14-15 տարեկան էր, հետաքրքիր հանգամանքներում նրան գտնում է հորաքույրը, ում հետ բնակություն է հաստատում այժմյան Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում: Պատմության հերոսուհին հիշում է, որ ամուսնանում է լենինականցի Բալադ անունով երիտասարդի հետ դեկտեմբերի 29-ին, սակայն, ի տարբերություն ամուսնության օրվա, տարեթիվը ստույգ չի մտաբերում: Նրանք ունենում են ինը երեխա` հինգ տղա և չորս աղջիկ: Միայն չորսն են այժմ ողջ:

Ամուսնության հետ կապված հիշում է հետաքրքիր մի դրվագ: Ամուսնու համար թվաբանություն պարապելու համար ուսուցիչ են վարձում: Եպրաքսին, հետևելով դասին, տեսնում է, թե ինչպես ուսուցիչը չի կարողանում գտնել մի թվաբանական գործողության` կոտորակի լուծումը, մինչդեռ նա կարողանում է արագ լուծել խնդիրը: Կես կատակ-կես լուրջ նշում է, որ մանկատանը ստացած գիտելիքներն իրեն մշտապես օգնել են ամբողջ կյանքում: «Ամուսնուս մարդ դարձրի»,- կես կատակ-կես լուրջ շարունակում է պատմությունը: 

Թուրքերի հանդեպ բացահայտ հակակրանք ունեցող տարեց կինը գտնում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչև այժմ չի ճանաչվել հենց աշխարհաքաղաքական «խառնակչությունների» պատճառով: «Հայն աշխատեց, թուրքը լծեց բեռները»,- ասում է Եպրաքսին` մեզ հետ զրույցը եզրափակելով մանկատան «Լուսին եկավ էն սարից» բանաստեղծությամբ: Նա, չնայած առողջական խնդիրներին, սիրում է դիտել հեռուստացույց, հետևել գյուղում և նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին:

Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ի հանրության դատին հանձնեց «Ականատես»-ի առաջին պատմությունը: Նախագիծն ամփոփում է ականատես-վերապրողների արժեքավոր հուշերն ու պատմությունները:Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]