Իրաքում գերեվարված թուրք դիվանագետներին ազատ են արձակել
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող, գերեվարված 49 անձինք ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 101 օրվա գերությունից հետո, սեպտեմբերի 20-ի առավոտյան, թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները բերվել են Շանլըուրֆա:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել կիսատ թողնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցը և վերադարձել է Թուրքիա: Նա անմիջապես մեկնել է Շանլըուրֆա, որտեղ էլ հանդիպել է նախկին գերիների հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն իր անձնական ինքնաթիռով նրանց հետ ուղևորվել է Անկարա: Նշվում է, որ Անկարայի «Էսենբողա» օդանավակայան են գալիս նախկին գերիների ընտանիքների անդամները` նրանց հետ հանդիպելու համար:
Հունիսի 11-ին իսլամիստական խմբավորման անդամները հարձակվել էին Մոսուլում թուրքական հյուպատոսարանի վրա: Արդյունքում` նրանք գերեվարել էին Թուրքիայի հյուպատոսին և հյուպատոսարանում աշխատանքի մեջ գտնվող Թուրքիայի 48 քաղաքացու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում