ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունը ազդեցիկ է լինելու. Ջոն Հեֆերն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ , կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին: Շատ ուժեղ, ազդեցիկ հայտարարություն է լինելու, որը ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահը իր հայտարարության մեջ, ես նրա փոխարեն չեմ կարող ասել»,- պարզաբանեց դիվանագետը:
Անդրադառնալով ցուցահանդեսին` նա նշեց, որ այն աշխատանքը, որ տանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և տնօրեն Հայկ Դեմոյանը, ուղղված է մարդկանց կրթելուն: «Այդ է պատճառը, թե ինչու եմ այստեղ, սա նրա ճիգերն են` մարդկանց իրազակելու, կրթելու ուղղությամբ»,- հավելեց ԱՄՆ դեսպանը:
«Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ , կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացումը նախորդեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովին, որին նեկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում