Քեսաբի հարցը ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում է
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի տեղահանված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայաստանը փորձում է ուղիներ գտնել Քեսաբից տեղահանված եւ Լաթաքիայում հանգրվանած հայերին հնարավորինս տարբեր ձեւերով օժանդակություն հասցնել:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում