Երևանի կանգառներում էլեկտրոնային ժամատախտակին նաեւ քարտեզն է, եղանակի տեսությունը, դրամի փոխարժեքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի կանգառներում սեպտեմբերի վերջին նախատեսվում է ավելացնել էլեկտրոնային չվացուցակներիբաշխվածությունը. հաջորդ խմբաքանակը ներառում է 30 սարքավորում: «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ` շուրջ 200 ավտոբուսներում տեղադրվել են ինքնատեղորոշման GPS սարքավորումներ, որոնք տվյալներ են փոխանցում կենտրոնական սերվերային հանգույց: Հանգույցում «կանխատեսող ալգորիթմը», համադրելով իրական ժամանակում ստացված տվյալները ստատիստիկ տվյալների հետ, հաշվարկում է ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեները և ներկայացնում կանգառներում տեղադրած Էլեկտրոնային ժամատախտակի վրա:
Բացի ուղևորին տրամադրվող այս տեղեկատվությունից, ժամատախտակին ներկայացվում է նաև տեղանքի քարտեզը քաղաքի հյուրերին հեշտ կողմնորոշվելու համար, եղանակի տեսությունը, դրամի փոխարժեքը, վազող տողով տարատեսակ տեղեկատվություն, ինչպես նաև սոցիալական և կոմերցիոն տեսահոլովակներ՝ ժամանակի 1/6 մասով: Համակարգը կծառայի նաև «Անվտանգ քաղաք» նախագծի շրջանակներում՝ արտակարգ իրավիճակային դեպքերի ժամանակ որպես իրազեկման վահանակ:
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տեղադրվել է 21 էլեկտրոնային չվացուցակ, որից 19-ը գործարկվել են: