Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը մեծ շուքով կստանձնի հունիսի 30-ին
ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը Հայաստանի երկրորդ քաղաքին քաղաքին կհանձնվի ծրագրի պաշտոնական բացման օրը՝ հունիսի 30–ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ կապված 3D անիմացիոն ծրագրի հետ, որը պատվիրված է երեւանյան մի ընկերության, միջոցառումների մեկնարկը կազդարարվի երեկոյան՝ ժամը 20:30-ին: Փոխքաղաքապետը ցանկացավ չներկայացնել այդ օրվա ծրագիրը` գյումրեցիներին եւ հյուրերին անակնկալ մատուցելու համար, բայց վստահեցրեց, որ այդ օրը տոն կդառնա բոլորի համար:
Հաստատված է ոչ միայն հունիսի 30-ի, այլ նաեւ այդ օրերի ընթացքում իրականացվող բոլոր ծրագրերը, նախապատարաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ավելի քան վաթսուն տարաբնույթ միջոցառում կիրականացվի՝ «Հացի» եւ թատերական փառատոներ, նկարչական ցուցադրություններ եւ այլն:
Ավելի քան 600 մլն դրամ նախահաշիվ ունեցող «Գյումրին՝ 2013 ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն կիրականացվի համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ գումար: Այդ գումարից շուրջ 80 մլն-ը կծախսվի միջոցառման պաշտոնական բացման միջոցառման համար: Այդ օրը քաղաք այցելած հյուրերին ըստ պատշաճի դիմավորելու, օրվա միջոցառումները լավ կազմակերպելու համար եւս 17 մլն դրամ կհատկացնի Գյումրու քաղաքապետարանը:
Արդեն իսկ պատրաստ են միջոցառումների խորհրդանիշը, նախագծի եռալեզու կայքը, հուշանվերները: «Գյումրին՝ 2013 ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում նաեւ 5 հազար տպաքանակով լույս է տեսել «Գյումրի» պատկերազարդ գիրքը, որը կբաժանվի քաղաք այցելած հյուրերին:
Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից: Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում