Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանն ու Ղազախստանը առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ ունեն․ Փաշինյան

Հայաստանն ու Ղազախստանը առևտրատնտեսական համագործակցության 
չիրացված ներուժ ունեն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։ 

Վարչապետ Փաշինյանը նախ ողջունեց Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

«Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում մենք անդրադարձել ենք ավանդաբար հագեցած և դինամիկ զարգացող երկկողմ օրակարգին և քննարկել ենք այն առավել ընդլայնելուն ու որակապես նոր մակարդակի հասցնելուն ուղղված մեր համատեղ քայլերը:

Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել մեր պետությունների և ժողովուրդների միջև առկա բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա խարսխված ջերմ հարաբերությունների առնչությամբ»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը հատկանշական է համարում այն,որ  այս այցը տեղի է ունենում երկու երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և դրանց նոր ազդակներ  հաղորդելու տեսանկյունից»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ղազախստանյան պատվիրակությանը՝ գործընկերային և կառուցողական մթնոլորտում կայացած անկեղծ և փոխշահավետ շփումների համար, որոնց ընթացքում հնարավորություն ունեցան ամփոփելու վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի ամենատարբեր ուղղություններով իրականացված ինտենսիվ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ուրվագծելու մեր համապարփակ օրակարգի առաջնահերթությունների առաջմղման ուղիները:

«Այսօրվա բանակցություններում ընդգծել ենք երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ին կայացած 10-րդ հոբելյանական նիստի, ինչպես նաև օրերս Երևանում կազմակերպված գործարար համաժողովի անցկացումը: Այս համատեքստում գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտմանն ու փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում։

Մենք համակարծիք էինք, որ, չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ  այս առումով ողջունում է ղազախստանյան գործարար առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցը:

Վարչապետը հավելեց նաև, որ հանդիպմանը Ղազախստանի նախագահի հետ քննարկել են նաև կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը»,-եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am