Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

2023 թվականին պետական միջոցներով հանրապետությունում ասֆալտապատվել է 501 կմ ճանապարհ. Սանոսյան

2023 թվականին պետական միջոցներով հանրապետությունում ասֆալտապատվել 
է 501 կմ ճանապարհ. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2023 թվականին ամբողջովին պետական միջոցներով հանրապետությունում իրականացվել է 501 կմ ճանապարհների ասֆալտապատում։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բացի այդ իրականացվել է ևս 55 կմ ճանապարհի ներքին շերտի ասֆալտապատում, որի վերջին շերտի ասֆալտապատումը կիրականացվի այս գարնանը։

«Ընդ որում՝ մեր հայրենակիցներից շատերը հաճախ այդ ճանապարհներին երթևեկում են և չգիտեն, որ այն անավարտ է։ Ենթադրենք՝ երկու շերտը տեղադրված է, երրորդը՝ ոչ, բայց երկու շերտն արդեն լավ, երթևեկելի ճանապարհ է»,-նշեց Սանոսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի հետ մեկտեղ նախորդ տարի հանրապետությունում 800-803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։

«Իհարկե, շատ մեծ ցուցանիշ է, բարդ է կառավարել և այդ ցուցանիշի առումով բերում է որոշ խնդիրներ։ Մյուս կողմից՝ շատ ուրախացնող է երկու առումով. նախ՝ այդքան ենթակառուցվածք է բարելավվել՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով,  և երկրորդը՝ դա նշանակում է մեր երկրում այս ոլորտում մենք կարողացել ենք մասնավոր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձևավորել այնքան կարողություն, որ հայաստանյան շինարարական ընկերությունները կարողանան 800 կմ ճանապարհ ասֆալտապատել, ինչը բավականին լավ արդյունք է»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝  հանրապետությունում, հատկապես Սյունիքում, եղել են ճանապարհներ, որոնք ամբողջովին նոր են կառուցվել: Տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ որևէ հայկական ընկերություն՝ իր կարողություններով, մասնագիտական հնարավորությամբ ու տեխնիկայով ի զորու է նոր ճանապարհ կառուցել։

«Ես նկատի ունեմ, որ նոր ճանապարհների կառուցման ընթացքում բավականին փորձ, գիտելիք է կուտակվում և հիմա դա բերել է նրան, որ բարձր ստանդարտներ ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի երկու հատված ունենք, որտեղ թեև շահող ընկերությունները հնդկական և իսպանական են, բայց հիմնական աշխատուժը և ընկերությունները, որ աշխատում են այդ հատվածներում, հայկական են»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ ընթացիկ տարին վճռորոշ է Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի և Աշտարակ-Թալին ճանապարհատվածներում աշխատանքների համար։

Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն, որոնց արդյունքում դեպի Գյումրի, Թալին որոշ ճանապարհահատվածներ երթևեկելի կդառնան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am