Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Փաշինյանն Ադրբեջանի արձագանքից տպավորություն է ստացել, որ այդ երկրում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով

Փաշինյանն Ադրբեջանի արձագանքից տպավորություն է ստացել, որ այդ երկրում 
հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու տեսահարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մաքսային և սահմանային վերահսկողությունը հենց Հայաստանի սահմանապահների ու մաքսայինների կողմից է իրականացվելու:

Փաշինյանն ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից մեկը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգություն:

«Սա է այն առաջարկը, որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ թվում Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին: Եվ Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք բացարձակապես դեմ չենք: Բայց մեր առաջարկը դա է: Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց ևս մեկ կետի մասին, որ փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ: Այդ պարզեցումները պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և բոլոր երկրների տարածքում:

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, մտահոգությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա են ռուս սահմանապահներ՝ վարչապետն ասաց, որ դա ուրիշ դեպք է, ունի նախապատմություն: «Բայց նաև մեր քաղաքականությունը հետևյալն է՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նաև ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա: Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն այդ դեպքերից է»,-նշեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am