Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Իսրայելը պնդում է, թե Գազայի հիվանդանոցին հարվածել է պաղեստինյան հրթիռ՝ արձակված գերեզմանի տարածքից

Իսրայելը պնդում է, թե Գազայի հիվանդանոցին հարվածել է պաղեստինյան հրթիռ՝ 
արձակված գերեզմանի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե լուսանկարների վերլուծությունն ապացուցում է, որ Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը Իսրայելի ավիահարվածները չեն, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Երկնքից արված լուսանկարները հաստատում են, որ հենց հիվանդանոցին ուղիղ հարված չի եղել։ Միակ վնասված տարածքը հիվանդանոցից դուրս է՝ ավտակայանատեղիում, որտեղ կարելի է տեսնել հրդեհի նշաններ», - մեջբերում է CNN-ը Հագարիի խոսքերը։

ԻՊԲ-ի խոսնակը նաև հայտարարել է, որ հետագծի վերլուծությունը ցույց է տվել, որ հրթիռներն արձակվել են ալ-Ահլի հիվանդանոցի մերձակա տարածքից։

«Ժամը 18։59-ին շուրջ 10 հրթիռ է արձակվել Իսլամական ջիհադի կողմից՝ մոտակա գերեզմանոցից։ Հենց այդ ժամին՝ 18։59-ին են Գազայի հիվանդանոցում պայթյունի մասին լուրեր հայտնվել», - ասել է նա։

«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությունը, որը ՀԱՄԱՍ շարժման հետ միասին մասնակցել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, հերքել է, որ հիվանդանոցում պայթյունի պատճառ է եղել հրթիռի ձախողված արձակումը։

ԻՊԲ-ն X սոցիալական հարթակի իր էջում նաև տեսանյութ է հրապարակել, որը, իսրայելական կողմի պնդմամբ, ապացուցում է, թե հրթիռն արձակվել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ի կողմից։ Այնուհետև ԻՊԲ-ն ձայնագրություն է տարածել, որտեղ ՀԱՄԱՍ-ի երկու անդամ, ենթադրաբար, խոսում են գերեզմանի տարածքից հրթիռի ձախողված արձակման մասին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը Իսրայելին մեղադրել է այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։

Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։

Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am