Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Գրանադայում հնարավորություն կար ստորագրելու շրջադարձային փաստաթուղթ․ վարչապետ

Գրանադայում հնարավորություն կար ստորագրելու շրջադարձային փաստաթուղթ․ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետը Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ Գրանադայում տեղի չի ունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված հանդիպումը, նշելով, որ այնտեղ հնարավորություն կար ստորագրելու շրջադարձային նշանակությամբ փաստաթուղթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադայի այցելությունը։ Ընդ որում, ասեմ, որ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև, կարծում էինք, որ կար հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու։ Մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։

Քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց և հասկանալիորեն օդանավակայանները ոչ մեկ չէր կարող փակել,  հետո տեսանք, թե ինչ եղավ։ Պարզվեց, որ  նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով։ Պետք է արձանագրենք, որ խամաճիկային ընդդիմությունն իր բոնուսները չի ստանա, որովհետև ճիշտ է հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ցավում է, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա՝ հույս հայտնելով, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է բանակցությունների սեղանին, հարմար պահի կստորագրվի։

«Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենա հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»,- եզրափակեց Փաշինյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում տարածաշրջանի հարցերը քննարկել դրանից հեռու գտնվող երկրների հետ՝ համարելով, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանային մակարդակով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am