Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Մոսկվայի թատերական աշխարհում արդեն Հայաստանը դարձել է բրենդ. «Գարդենիա»-ն՝ Չեխովյան միջազգային փառատոնում

Մոսկվայի թատերական աշխարհում արդեն Հայաստանը դարձել է բրենդ. 
«Գարդենիա»-ն՝ Չեխովյան միջազգային փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը մեծ ոգևորությամբ է ընդունվել մոսկովյան հանդիսատեսի կողմից։ Չեխովյան 16-րդ միջազգային փառատոնին «Գարդենիա» ներկայացումը հատուկ ուշադրության է արժանացել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ թատրոնի համար մեծ պատիվ է նման փառատոնին մասնակցելը։

«Ներկայացումը բեմադրվել է համավարակի ժամանակ՝ Երևանում։ Մենք սկզբում այն խաղում էինք բացօթյա, այնուհետև տեղափոխեցինք մեծ բեմ։ Հետագայում մասնակցեցինք շատ հետաքրքիր փառատոնների՝ Բելառուսում, Ուզբեկստանում։ Այսօր արդեն Մոսկվայում ենք ներկայացրել՝ Չեխովյան փառատոնին։  Մեր դերասանները փայլուն հանդես եկան, արձագանքն էլ  ոգևորող է»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։

 Բեմադրիչ Գոռ Մարգարյանն առհասարակ ներկայացման գաղափարախոսությունից, ուղերձներից քիչ է  խոսում։ Կարևորն այն է, թե ինչ է հանդիսատեսն իր հետ տանում ներկայացումից։

«Իմ ներկայացումը մարդկային հարաբերությունների, սերունդների հարատև խնդիրների մասին է։ Այն պատերազմի ու դրա հետևանքների, սերունդների ճակատագրերի վրա ազդեցության մասին է։ Ներկայացումից հետո հանդիպում եղավ հանդիսատեսի հետ, գովեստի ու բարձր գնահատանքի խոսքերի պակաս չկար, ինչը ոգևորում է»,-ասաց Գոռ Մարգարյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն աննկարագրելի է համարում հանդիսատեսի ոգևորությունը։ Ներկայացումից հետո շատերը առիթ էին փնտրում մոտենալու իրենց հիացմունքը հայտնելու։

«Անկեղծ ասած սկզբում փոքր անհանգստություն կար, քանի որ բեմի հնարավորությունները տարբեր էին, սակայն, ի պատիվ բեմադրիչի, դերասանների, կարող ենք ասել, որ հաջողությամբ են կատարել իրենց գործը։ Մեր դերասանները մեծ ու դրական էներգիա փոխանցեցին մոսկովյան հանդիսատեսին, վերջիններս էլ անպայման ցանկանում էին ինչ-որ ձև փոխհատուցել ու գովեստի խոսքեր էին հղում»,-ասաց Կարեն Ներսիսյանը։

Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը նշեց, որ վերջին 20 օրը հայ թատրոնի համար արտերկրում մեծ հաջողությունների ժամանակաշրջան էր։

«Չեխովյան միջազգային փառատոնը բացվեց բավական տպավորիչ ծրագրով։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Նարինե Գրիգորյանի «Մումու» ներկայացման առաջնախաղը։ Դրանից առաջ Թբիլիսիի թատրոնների բեմում Հակոբ Ղազանչյանի «Ապրիր, քանի ապրում ես» ներկայացումն էր։ Վերջնակետը դրեց Երևանի ռուսական թատրոնն իր «Գարդենիա» բեմադրությամբ, որը ներկայացվեց Չեխովյան փառատոնին։ Ասեմ, որ արդեն 3-րդ անգամ է Հայաստանը մասնակցում  Չեխովյան փառատոնին։ Մոսկվայի թատերական աշխարհում արդեն Հայաստանը դարձել է բրենդ, հայկական ներկայացումներին գալիս են մեծագույն հաճույքով՝ համոզմամբ, որ լինելու է որակ»,-ասաց Սոնա Մելոյանը։

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը։ Այս տարի արդեն ներկայացել է մի քանի նոր ներկայացումներով, ակտիվ մասնակցել է տարբեր տեղական ու միջազգային փառատոնների։ Առաջիկայում սպասվում են նոր ներկայացումներ։ «Թատրոնի աստղ» միջազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն   արժանացել է  «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am