Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Ուժեղ ու զարգացած Հայաստանը պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա․ Փաշինյան

Ուժեղ ու զարգացած Հայաստանը պիտի դառնա մեր բոլոր նահատակների 
մեծարման ու հիշատակի առհավատչյա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի առիթով։  

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի, դաշնակցային բանակների կազմում, պարտիզանական և դիմադրության ընդհատակյա գործունեության մեջ  զգալի ներդրում ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում: 

Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում դրսևորվել են իրենց սխրագործություններով, հանուն մարդկային քաղաքակրթության տվել իրենց կյանքը: Պատերազմում ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: Շուրջ 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բազմաթիվ հայեր բարձր պարգևներ են ստացել ԽՍՀՄ-ի և դաշնակից երկրների կողմից՝ հայ ժողովրդի պատվավոր տեղն ապահովելով ֆաշիզմի դեմ պայքարում:  

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, 

Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ: Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են:  

Այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված  նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը: 

Այս մոտեցումն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր Հայրենիքում: Ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա:

Փա՛ռք Հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակներին: Փա՛ռք պետությունը կայացնելու համար ամեն հնարավորն ու անհնարն անող բոլոր անխոնջ մարտիկներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]