Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԻՊԲ-ն «Համաս»-ի թիրախների է հարվածել Գազայում և Լիբանանում՝ ի պատասխան Իսրայելի վրա արձակված տասնյակ հրթիռների

ԻՊԲ-ն «Համաս»-ի թիրախների է հարվածել Գազայում և Լիբանանում՝ ի 
պատասխան Իսրայելի վրա արձակված տասնյակ հրթիռների

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Նշվում է, որ Լիբանանում խոցվել է «Համաս»-ին պատկանող 3 թիրախ: Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ թիրախավորված օբյեկտները գտնվում էին ալ-Քուլայլա և ալ-Ռաշիդիա փախստականների ճամբարների մերձակայքում՝ Սուր քաղաքից դեպի հարավ: Հարվածների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

«Համաս» շարժումը դատապարտել է Լիբանանի վրա իրականացված հարձակումները՝ շեշտելով, որ «այս վտանգավոր սրման հետևանքների համար լիովին պատասխանատու է Իսրայելը»:

Իսկ Գազայի հատվածում ԻՊԲ-ն հարվածել է «Համաս»-ին պատկանող առնվազն 10 թիրախի, այդ թվում՝ թունելների և զենքի արտադրության օբյեկտների:

Jerusalem Post-ը նաև նշում է, որ այս հարվածների ընթացքում Գազայից դեպի Իսրայելի հարավ արձակվել է առնվազն 40 հրթիռ: Դրանցից մեկն ընկել է Սդերոտում գտնվող մի տան վրա, 14-ն ընկել են բաց տարածքներում: Հրթիռակոծության հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: Այսօր առավոտյան Գազայի հատվածի սահմանամերձ իսրայելական համայնքների բնակիչներին հրահանգվել էր մնալ ռմբապաստարանների մոտ:

Վերջին օրերին կողմերի միջև պարբերաբար հրթիռակոծություններ են տեղի ունենում: Իրավիճակի նոր սրման պատճառ են դարձել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները ալ-Աքսա մզկիթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am