1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը Եգիպտոսի հետ ռազմատեխնիկական ոլորտը զարգացնելու հնարավորություն ունի. արաբագետ

Հայաստանը Եգիպտոսի հետ ռազմատեխնիկական ոլորտը զարգացնելու 
հնարավորություն ունի. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի այցը Հայաստան պատմական է: Հայաստանի անկախությունից ի վեր նա Եգիպտոսի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ Արաքս Փաշայանը նշեց, որ նման բարձր մակարդակի այց երբեք չի եղել:

«Այս հնարավորությունը պետք է օգտագործվի Եգիպտոսի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Առհասարակ անհրաժեշտ է ուժեղացնել գործակցությունն այն ոլորտներում, որտեղ ունենք ընդհանուր շահեր: Հայաստանը կարելի է ասել, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մի մասն է: Մենք Եգիպտոսի հետ ունենք դարավոր պատմամշակութային շփումներ: Տարբեր ժամանակաշրջանում հայկական տարրը Եգիպտոսում առկա է եղել՝ ռազմաքաղաքական էլիտայում, առևտրի, արհեստագործական ոլորտում և այլն»,-ասաց Արաքս Փաշայանն՝ ընդգծելով, որ Եգիպտոսի հասարակությունը շատ լավ ճանաչում է հայերին, սակայն ավելի քիչ՝ Հայաստանը:

Եգիպտոսի նախագահի այցը շատ լավ առիթ է նախանշելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղիները, եղած մեծ ներուժի իրացման հնարավորությունները: Արաբագետ Արաքս Փաշայանի խոսքով՝ Հայաստանը Եգիպտոսի հետ ռազմատեխնիկական ոլորտը զարգացնելու հնարավորություն ունի:

«Իհարկե, այս ոլորտի մասնագետները իրենք պետք է օրակարգը, առաջնահերթությունները սահմանեն, ամեն դեպքում, կարծում եմ, որ սա կարևորագույն ոլորտներից մեկն է: Պետք է հետևողական աշխատել, Եգիպտոսն արաբական այն բացառիկ երկրներից է, որի հետ Հայաստանը որևէ քաղաքական խնդիրի չունի, որևէ խոչընդոտ չկա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Եվ մենք բոլոր հնարավորություններն ունենք ավելի բարձր մակարդակի հասցնելու երկկողմ գործակցությունը մի շարք ոլորտներում»,-ասաց նա:

Դրանից բացի, շատ կարևոր է տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններին թափ հաղորդելը: Արդեն իսկ ակտիվություն նկատվում է զբոսաշրջության ոլորտում, իրականացվում են կանոնավոր ավիափոխադրումներ: Արաբագետը նշեց, որ հայաստանցիների ամենասիրված տուրիստական ուղղություններից է հենց Եգիպտոսը: Նրա խոսքով՝ Հայաստանն էլ կարող է գրավիչ լինել եգիպտացիների համար:   

«Եգիպտոսը Հայաստանի համար կարող է լինել որպես բնական դաշնակից: Մենք շատ չօգտագործված հնարավորություններ ունենք: Հայաստանն այսօր կարիք ունի ավելացնել իր բարեկամ երկրների թիվը, թեպետ, Եգիպտոսի հետ մեր բարեկամությունը դարերի խորքից է գալիս: Ամեն դեպքում պետք է հետևողական լինել: Ընդհանրապես, Մերձավոր Արևելքը պետք է դիտարկվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,-ասաց Արաքս Փաշայանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի շահերի ու օրակարգի դեմ շատ լայնածավալ աշխատում է Ադրբեջանը: Ահա այս համատեքստում շատ կարևոր է Հայաստանի համար խորացնել համագործակցությունը Մերձավոր Արևելքի պետությունների հետ:

Արաբագետը կարևորեց Եգիպտոսում հայ համայնքի առկայությունն ու աշխատանքը: Նա ընդգծեց, որ Եգիպտոսի կառավարությունը շատ հոգատար վերաբերմունք ունի հայ համայնքի նկատմամբ: Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսում հայ համայնքի բարեկեցությամբ, որը կամուրջ է Հայաստան-Եգիպտոս հարաբերություններում:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]