Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական 
պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ստորագրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով:

«Նախատեսված ուղղությունները ծածկում են տնտեսության այն ճյուղերը, որոնք և՛ բուլղարական, և՛ հայկական կողմի համար կարևոր են։ Մասնավորապես, մեքենաշինություն, կոմպոզիտային նյութերի արտադրություն, առևտուր, պահածոներ, դեղագործություն, տուրիզմ, կանաչ տնտեսություն, թափոնների վերամշակում և այլն»,- նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։ 

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիան հանդես կգան որպես հիմնադիրներ։ Հիմնադրման գործընթացում կընդգրկվեն բուլղարական և հայկական ընկերություններ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում կկայանա բիզնես ֆորում։ Մակարյանը հայտնեց, որ այդ ֆորումի շրջանակում աշխատանքներ կտարվեն երկու խմբերով՝ մեքենաշինության ու կոմպոզիտային նյութերի արդյունաբերության զարգացման ոլորտներում։

«Բուլղարիան վերջին տարիների ընթացքում շատ զարգացել է մեքենաշինության ոլորտում։ Բուլղարիան Եվրոպայում արտադրվող յուրաքանչյուր 8-րդ ավտոմեքենայի մեջ տեղադրվող դետալների արտադրողներից մեկն է։ Այս երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես տրանսպորտային կարևոր լոգիստիկ կենտրոն, ինչպես նաև ընդհանուր կոմպոզիտային նյութերի արդյունաբերությամբ, որովհետև այդ նյութերն օգտագործվում են ճանապարհաշինության, նավաշինության, ատոմային էներգետիկայի, ընդհանուր էներգետիկայի բնագավառներում»,- ասաց Մակարյանը։ 

Նրա խոսքով՝ հայկական շուկան ևս գրավիչ է Բուլղարիայի համար՝ մասնավորապես Հայաստանից պահածոների, դեղագործական, կոսմետիկ նյութերի ներմուծման, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից։ 

Մակարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանման ծավալների 6 տոկոսը բաժին է ընկնում Բուլղարիային։ «Ես ենթադրում եմ, որ ապագայում Բուլղարիայի դերակատարությունը կտրուկ կմեծանա, որովհետև տնտեսության մեջ կան ոլորտներ, որոնք համահունչ են երկու երկրների շահերի համար։ Այդ ուղղություններից են մեքենաշինությունը, զբոսաշրջությունը, աշխատուժի փոխանակում։

Այս երկու միությունների ցանկությամբ 2018 թվականի ապրիլին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Բուլղարիայի համապատասխան նախարարության հետ ստորագրեց միջպետական համաձայնագիր, որը թույլ է տալիս, որ երկու միությունները կարողանան աշխատուժ փոխանակեն։ Մենք ուզում ենք հիմա վերակենդանացնենք այս համաձայնագիրը»,- ասաց Գագիկ Մակարյանը։ 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում կայացել է ՀՀ և Բուլղարիայի նախագահների հանդիպումը։ 

Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am