«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը շահագործման կհանձնվի 2025 թվականին
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության ղեկավար Մոհամմեդ ալ-Շեհիի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ հանդիպման ժամանակ քննարկվել է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը և առաջիկա աշխատանքները։
Ներդրող ընկերության կողմից ներկայացվել է նաև նոր ծրագրեր իրականացնելու մտադրությունը՝ մասնավորապես կուտակիչների հետ համակցված արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ։
«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացված 200 ՄՎտ հզորության «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») ընկերությունը: «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ն առաջարկել էր 0.0290 ԱՄՆ դոլար/կՎտժ սակագին:
«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թ.։ Կներդրվի շուրջ 174 մլն դոլար։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի հետ համատեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում