Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-16/21. Երեք նորույթ՝ ընթերցողի համար 

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-16/21. Երեք նորույթ՝ ընթերցողի համար 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Եր Կար, «Երկա՞ր»

Գրքում ներառված են Եր Կարի 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գրվել են 2017 թվականից մինչև օրս։ Ստեղծագործությունների առանցքում այն տարածքն է, որտեղ ապրում է Եր Կարը և որտեղ կոտրել են նրա ձեռքերը, բայց հեղինակը հրաշքով է հիշում իր կոտրված ձեռքի մասին։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Օմար Խայամ, «Քառյակներ»

«Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Օմար Խայամի «Քառյակներ» գիրքը: Օմար Խայամը (1048-1131) իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհով մեկ հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ է լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպելու զարմանալի կարողությունը: Ահա ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Թարգմանությունը պարսկերենից՝ Լևոն Բլբուլյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ալեն Քարրի՝ ծխելը թողնելու հեշտ ճանապարհը

Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհն» իսկապես աշխատող մեթոդ է։ Այս գիրքը ոչ միայն կօգնի քեզ թողնելու ծխելը, այլև կհեշտացնի և նույնիսկ հաճելի կդարձնի այդ պրոցեսը։ Դու կթողնես ծխելը՝

  • հեշտությամբ, միանգամից և անցավ,
  • առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման,
  • առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների,
  • առանց քաշի ավելացման։ Ալենի համար շուտով պարզ դարձավ, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում:

Այն արդեն օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես նաև չափից ավելի ծախսելու հակումը, կախվածությունը ազարտային խաղերից, թվային տեխնոլոգիաներից ու սոցիալական ցանցերից:Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի և Գուրգեն Օհանյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում