1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը

Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել 
Թուրքիայի մեջլիսի նախագահությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի «Ակոս»-ը, Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով: «Մեծ հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,-նշվում է նախագծում:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղասպանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա: Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ունեն նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը, 2021թ. ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]