Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-6/21. «Նոր գիրք»-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել հետաքրքիր հրատարակություններ

«Նոր գիրք»-6/21. «Նոր գիրք»-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել հետաքրքիր 
հրատարակություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Յարութ Կոստանդեան, Երկեր 

«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ Ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն 
Գաբրիել Գարսիա Մարկես, «Սերը խոլերայի ժամանակ»

Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպը անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող հռչակավոր բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ և անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ:

Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ու ճամփորդության վայելքին՝  հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի: Թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան:  Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Սթիվեն Իսերլիս, «Ինչու էր Բեթհովենը բարկանում: Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին»

Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։ Թարգմանությունը Լյուսիլ Ջանինյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:




«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am