Քաղաքականություն

Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու քայլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով՝ Ալիևյան կլանը սարսափում է սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։

Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»,-նշում է ՀՀ ԱԳՆ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում