Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը. Փաշինյան

Հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել 
խաղաղության գործընթացը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը սկսել է լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: «Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են: Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Ամենաշատը տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է: Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ  այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:  Փաշինյանը շեշտեց, որ չնայած բոլոր ջանքերին,  հակառակորդը չկարողացավ հասնել նշանակալի հաջողության: «Մեր ժողովուրդն ավելի միասնական է, քան երբևէ և վճռական է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը: Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների»,-ասաց վարչապետն ու հավելեց՝  դա Հայաստանի համար ճակատագրական թեմա է, և ինքը, անկասկած, կցանկանար ԵԱՏՄ երկրների իր կոլեգաների հետ կիսել տեղեկատվություն այն դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում անհանգիստ տարածաշրջանում:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումն արդեն կայացել է: Դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]