Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Փորձագետները կարևորում են Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների սերտացումը

Փորձագետները կարևորում են Հայաստանի և արաբական աշխարհի 
հարաբերությունների սերտացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունը, բավականին լուրջ աշխատանք է տանում արաբական երկրների հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ, այս ջանքերը պետք է կրկնապատկվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեցին ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանի և արաբական երկրների համագործակցության համար բազմաթիվ ուղղություններ կան՝ տնտեսական, հումանիտար ոլորտ, քաղաքական, ռազմական: «Այստեղ մենք անելիք ունենք»,-նշեց նա:

Անդրադառնալով արաբական երկրներում հայկական համայնքներին՝ նա նկատեց, որ միայն հայկական համայնքի ներկայությունը չի ֆիքսել, որ հայեր կան տարածաշրջանում: «Մենք, որպես էթնոդավանական փոքրամասնություն, աչքի ենք ընկել մեր դրական չեզոքությամբ: Տարածաշրջանն անկայուն է, բազում խնդիրներ, հակամարտություններ կան, բայց հայերը միշտ եղել են կայունության կողմնակիցները»,-ասաց Գրիգորյանն ու նկատեց՝ Հայաստանը կառուցողական երկրի իմիջ ունի:

Նա նկատեց, որ այդ առումով Հայաստանն ունի բավական լուրջ պոտենցիալ, տարածաշրջանում ճանաչում են: «Ընկալելի ենք: Ոչ միայն ներկայացված ենք որպես հանրույթ, փոքրամասնություն, այլ նրանց համար շատ դրական ընկալելի էթնոդավանական փոքրամասնություն, որը մշտապես կառուցողական մոտեցումներով է հանդես եկել: Եվ այս առումով այս հնարավորություններից պետք է օգտվենք: Մեզ ճանաչում են, ՀՀ-ն էլ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ամեն դեպքում մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, որովհետև աշխարհը շատ արագ զարգանում է, արագ զարգանում է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանը և արաբական աշխարհը, տեղի են ունենում փոխակերպումներ նրանց ընկալումներով, վարքագծում, քաղաքականության մեջ»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ Հայաստանն ունի հնարավորություն և պետք է, արաբական աշխարհի հետ հարաբերվելով, փորձի  կառուցել իր տեսլականը՝ շեշտը դնելով ՀՀ-ի ինքնիշխանության և փոխշահավետ համագործակցության վրա:

 

Վահրամ Պետրոսյանի կարծիքով Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը: «Եվ ուրախ եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տանում: Այս համատեքստում մենք տեսնում ենք նաև Իսրայելի ուղղությամբ տեղ գտած փոփոխությունը: Ապագայում կլինեն նոր հաջողություններ՝ այլ ճակատներում նույնպես: Եգիպտոսում մեր բանակցություններն աննախադեպ էին, և հաջողությունները նույնպես աննախադեպ»,-ասաց նա ու շեշտեց՝ նաև ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, ստրատեգիական գործընկերոջ՝ Իրանի հետ հարաբերությունները:

Պետրոսյանի կարծիքով հայ-քրդական հարաբերութունների ուղղությամբ նույնպես պետք է աշխատանք տանել: «Մեր հարաբերություններն Իրաքյան Քուրդիստանի հետ, տեղ են գտնում ՀՀ-Իրաք հարաբերությունների համատեքստում, սակայն այս ուղղությամբ համատեղելիությունը ապահովելը հաջողվել է»,-ասաց նա ու շեշտեց ՀՀ դեսպանի՝ Հրաչ Փոլադյանի ակտիվ գործունեությունը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am