Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. Արայիկ Հարությունյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` իրեն ուղղված քննադատությանը՝ կապված Հարությունյանի կառավարման մոտեցումների հետ` ընդգծելով, որ անցած ամիսներին զրո քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ:
«Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ անդրադառնալ այդ հարցին: Գուցե դրան անդրադառնամ հաջորդ օրերին, բայց պետք է արձանագրեմ, որ անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Ջուլֆալակյանը կարող էր իր հարցերը բարձրացնել և հնարավոր է, որ մենք այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, իսկ մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեց նախարարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հարցեր չեն բարձրացվել քաննարկումներում: «Ես խմբակցությունում ունեցել եմ հանդիպում խմբակցության անդամների հետ և հիմա ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանում արձագանքել: Եթե լիներ նման քննարկում, լինեին կոնկրետ հարցադրումներ, ես կպատասխանեի: Նույն խմբակցության քննարկումներում առհասարակ եղել են օբյեկտիվ, ընկալելի հարցադրումներ: Այդ ամենն արտահայտվել է մեր գործունեության մեջ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ջուլֆալակյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,-շեշտել էր Ջուլֆալակյանը: