Տարածաշրջանային

Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

2 րոպեի ընթերցում

Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարո Փայլանը այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

«Ոչ թե կյանքը պաշտպանելն է հանցանք, այլ պատերազմը պաշտպանելը: Թուրք բժիշկների միության կողքին ենք»,- գրել է Կարո Փայլանը:

Թուրք բժիշկների միության կենտրոնական խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- ասվում էր հայտարարության մեջ:

Այս հայտարարությանը խիստ արձագանք էր տվել նախագահ Էրդողանը, իսկ Անկարայի գլխավոր դատախազությունը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու և ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել:

Արդյունքում հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում