Քաղաքականություն

Երեւանից հետո Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ

3 րոպեի ընթերցում

Երեւանից հետո Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու եւ Երեւան այցելությունից հետո կմեկնեն Ստեփանակերտ եւ հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում սպասում են համանախագահների այցին:

«Համանախագահները գրեթե միշտ այցելում են Ստեփանակերտ: Բացառիկ դեպքեր են եղել, երբ համանախագահները Ստեփանակերտ չեն այցելել: Դա կամ պայմանավորված է եղել եղանակային պայմաններով կամ էլ համանախագահները տարածաշրջան են այցելել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կազմակերպելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել, սկզբունքները` նույնպես:

«Մեր դիրքորոշումը մնացել է նույնը, մենք այն բազմիցս ներկայացրել ենք եւ այս անգամ էլ պաշտոնական Ստեփանակերտը կներկայացնի իր տեսակետերը: Բնականաբար, քննարկումների կենտրոնում կլինեն սահմանային միջադեպերը: Մենք մի շարք առաջարկություններ կներկայացնենք Մինսկի խմբի համանախագահներին: Մասնավորապես, այս տարի Բաքվում կայանալու է Եվրոպական խաղերը եւ այդ ժամանակ, ինչպես ընդունված է, բոլոր տեսակի հակամարտությունները պետք է սառեցվեն: Սա պետք է քննարկվի: Նաեւ մեր ուշադրության կենտրոնում է հարցը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն սահմանային միջադեպերի առնչությամբ հետաքննություն իրականացնելու համար: Այս հարցը մի քանի անգամ ներկայացվել է Մինկի խմբի համանախագահներին»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ համանախագահներն էլ են հասկանում եւ ընդունում այդ առաջարկությունը: Ըստ Բաբայանի, համանախագահներն այդ հարցը ներկայացրել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, այն մերժել է:

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Փետրվարի 17-ին Հայաստանում համանախագահները կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը վերջին օրերին Հելսինկիում էր: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները ժամանել էին Հելսինկի խորհրդատվության համար: Այնուհետեւ նրանք մեկնել են Վիեննա: Համանախագահները Մյունխենում անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք, ինչպես այս, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Տադիչի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն էին տարածել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում