ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պայմանավորված է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությամբ եւ հոկտեմբերի վերջին, Փարիզում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմամբ: Այս գնահատականը ներկայացրեցՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Սահմանին լարվածություն տիրում է բանակցային գործընթացում տարբեր մակարդակներով հանդիպումներիից առաջ: Առաջին գծում կան հակառակորդի դիպուկահարներ, ովքեր խախտում են հրադադարի ռեժիմը: Պետք է հասկանանք` գոյություն ունի իրավիճակ, որ առնչություն ունենք մի հարեւանի հետ, որ մինչեւ վերջ չի գիտակցում, թե խաղաղ դիվանագիտական ուղին է հակամարտության կարգավորման միակ ուղին եւ դրան այլընտրանք չկա: Նա երկխոսելու, վստահության մթնոլորտ ստեղծելու փոխարեն լարում է իրավիճակը: Մեզ համար ավելի անընդունելի է, երբ այդ լարումը կատարվում է Հայաստանի սահմաններին, քանի որ հակամարտությունը ԼՂՀ-ում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը: