Գերմանական հիմնադրամը քննարկման էր հրավիրել ԼՂ հիմնախնդրին անտեղյակ նախկին խորհրդարանականի
4 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում գերմանական Taz-Panterstiftung հիմնադրամի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկյացուցիչները, ներկա էր նաեւ Բունդեսթագի նախկին պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Վիոլա Ֆոն Կրամոնը: Վերջինս, չտիրապետելով ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկա իրավիճակին, «լուրջ» դատողություններ էր կատարում ու ներկայացնում լուծման տարբերակներ` առանց հետեւանքների մասին պատկերացում ունենալու: Ֆոն Կրամոնն առաջարկում էր ազատագրված շրջանները հանձնել Ադրբեջանին եւ այդպիսով վերջ դնել հակամարտությանը: Թե կոնկրետ քանի շրջան նկատի ունի եւ ինչու պետք է դրանք վերադարձնել` Ֆոն Կրամոնը ոչ տեղյակ էր, ոչ էլ կարողանում էր բացատրել իր տեսլականը: Նա միայն կրկնում էր թուրք-ադրբեջանական գաղափարախոսությունը, որ պետք է տարածքները հանձնել: Ի պատասխան նախկին խորհրդարանականի հայտարարությունների, Հայաստանը ներկայացնող լրագրողները ձայն խնդրեցին` ներկայացնելով ընթացող բանակցությունների ընթացքն ու այն իրավիճակն ու խնդիրները, որ առաջացրել է Ադրբեջանը:
«Արմենպրես»-ի լրագրողի դիտարկմանը, թե վերադարձնելով տարածքները ի՞նչ երաշխիքներ կարելի է սպասել, որ այդ տարածքի բնակիչների կյանքին վտանգ չի սպառնա, տիկին Ֆոն Կրամոնն ուղղակի ժպտաց ու գլուխը շարժեց: Դիտարկմանը, որ Ադրբեջանի ղեկավարությունը հերոսացնում է քնած ժամանակ սպային կացնահարած ադրբեջանցուն միայն նրա համար, որ նա հայ է եւ այդ երկրում պետական մակարդակով քարոզվում եւ խրախուսվում է հայի հանդեպ ատելությունը, տիկին Ֆոն Կրամոնն ասաց, որ դա ցավալի հարց է եւ այդ առնչությամբ հասարակությունները պետք է դիմեն երկխոսությանը, «սակայն միայն տարածքների հանձնումից հետո»:
Շարունակելով թեման, նախկին խորհրդարանականը շարունակեց ցուցադրել ԼՂ հակամարտության վերաբերյալ իր անտեղյակությունը` շեշտելով, որ գոյություն ունեն ինչ-որ սկզբունքներ, ինչ-որ քաղաքի անունով: «Արմենպրես»-ի թղթակցի դիտարկմանը, որ դրանք Մադրիդյան սկզբունքներ են, նախկին խորհրդարանականն ասաց, որ պետք է պահպանել այդ սկզբունքների բոլոր կետերը: Դիտարկմանը, որ սկզբունքներից առաջինն այնն է, որ պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, ինչն ամեն օր խախտում է ադրբեջանական կողմը, Ֆոն Կրամոնն ասաց, որ լսել է այդ մասին եւ գիտի, որ հուլիս-օգոստոս ամիսներին իրավիճակը սահմանին եղել է խիստ լարված: «Արմենպրես»-ի թղթակցի մեկ այլ հարցին, թե ինչպես է տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը, երբ բանակցություններին ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղն ու արդյո՞ք ճիշտ է համարում, որ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂՀ-ն տեսնել որպես բանակցող կողմ եւ որոշում է կայացվում առանց ԼՂՀ-ի մասնակցության, տիկին Ֆոն Կրամոնը կրկին ապացուցեց, որ հակամարտության մասին ոչինչ չգիտի կամ չի ցանկանում իրականությունը փաստել եւ ասաց, որ պետք է երկխոսել եւ Հայաստանն էլ պետք է կայունության որոշակի երաշխիքներ տա: Թե կոնկրետ ի՞նչ երաշխիքներ, նախկին խորհրդարանականը չմանրամասնեց` հավելելով, որ նոր բան չի կարող ավելացնել իր խոսքերին: Ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է տեսնում Լեռնային Ղարաբաղն առանց յոթ շրջանների, տիկին Ֆոն Կրամոնն ասաց, որ չգիտի ու չի մտածել այդ հարցի շուրջ:
Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի 14 լրատվամիջոցների ներկայացուցիչներ Բեռլինում էին` քննարկելու վերոնշյալ երկրների միջեւ հակամարտությունները, ներկայացնելու առկա իրավիճակն ու դրանց կարգավորման ուղիները: Սեմինարի ընթացքում, բացի հակամարատությունների թեմայից, լրագրողները քննարկել են նաեւ իրենց երկրներում քաղաքացիական հասարակության դերն ու զարգացվածության աստիճան, այդ հարցի առնչությամբ ծանոթացել գերմանական փորձին:
Հասմիկ Հարությունյան