Հայաստանի 998 քաղաքացիներ ԱՄՆ «Գրին քարտ» են շահել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության 4600 քաղաքացիներ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հյուպատոսական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքի ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմել էին 4300 հոգի: Թե դիմում ներկայացողներից քանիսի՞ն է արտոնագիր տրամադրվել, քանի՞սն են մերժվել` այս տվյալները պարզ կդառնան միայն տարեվերջին:
Հյուպատոսական ծառայությունից հայտնեցին, որ մուտքի արտոնագիր ստացողների թիվը նախորդ տարվա համեմատ կարծես թե ավելացել է, սակայն ստույգ տվյալներ այս պահի դրությամբ դեռ չկան: Մինչ այժմ ստացվել է ուսանողական մուտքի արտոնագրի 150, տուրիստական արտոնագրի` 3600 դիմում: ՀՀ քաղաքացիներն ԱՄՆ մուտքի արտոնագրի համար իրավունք ունեն դիմելու նաեւ Հայաստանից դուրս` օտարերկյա պետություններում, սակայն քանի՞սն են դիմել, եւ ո՞ր երկրներում, եւս տվյալներ չկան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մուտքի արտոնագիր ստանալու համար ընթացիկ տարում դիմել են շուրջ 500 օտարերկրյա քաղաքացիներ:
Մուտքի արտոնագրի վճարը ներկայում 160 ԱՄՆ դոլար է: Առաջիկայում այդ վճարի չափի փոփոխություն չի նախատեսվում: Ընթացակարգերի փոփոխության ծրագրեր այս պահին եւս չկան, այնուհանդերձ, քայլեր են արվում` դիմելու գործընթացը հնարավորինս հարմարավետ ու արդյունավետ դարձնելու համար:
«Գրին քարտ»-ի խաղարկությանը մասնակցող ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրություն չկա, սակայն հայտնի է, որ այս տարվա խաղարկությամբ (որն ավարտվում է սեպտեմբերի վերջին) «Գրին քարտ» են շահել Հայաստանի 998 քաղաքացիներ: Շահողներից ոմանք, հնարավոր է, չբավարարեն արտոնագրի ստացման պահանջները, ոմանք էլ կարող է չցանկանան դիմել արտոնագիր ստանալու համար: Այս խաղարկության դիմումները մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ընթացքի մեջ կլինեն: Այս տարի ամբողջ աշխարհից «Գրին քարտ»խաղարկությանը մասնակցել է շուրջ 15 միլիոն մարդ: