Սաֆարովին ներում շնորհելու համար Հայաստանը պետք է դատի տա Ադրբեջանին. Նազելի Վարդանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում արդարդացնելու եւ պատժից ազատելու դեմ Հայաստանն այս պահին որեւէ իրավական գործիք չունի:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի` Սաֆարովին ներում շնորհելու մասին տարածված հայտարարությունը:
«Այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանն աշխատում էր այդ ուղղությամբ, մենք էլ մեր ուժերի չափով արել ենք հնարավոր ամեն բան: Ես` ինքս, իմ հնարավորությունների սահմաններում պայքարել եմ»,-նշեց Վարդանյանը: Նրա խոսքով` Հայաստանն այս ամենից հետո պետք է դատի տա Ադրբեջան պետությանը, որը սրանով մեղքն ամբողջությամբ իր վրա է վերցրել: «Պետք է գտնենք մի ճանապարհ` միջազգային նորմերով առաջնորդվելու համար»,-ընդգծեց փաստաբանը:
Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Հայ եւ ադրբեջանցի սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էրցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: