2 րոպեի ընթերցում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին։ Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում»,- գրել է Հարությունյանը։
Հարությունյանն անդրադարձել է նաև Չինաստանում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը քնադատողներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի ավարտված առաջնությունում երկամարտի արդյունքով մեկ մեդալ է նվաճել։ Բրոնզե մեդալակիր է դարձել Վարազդատ Լալայանը։
«Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին: Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ օրինակ նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը Հրաչյա Ռոստոմյանը»,- գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը: