13 րոպեի ընթերցում
Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հնգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը: Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ և գործողություններ, որոնց իրականացումը պետք է որակապես նոր մակարդակի հասցնի հայկական գիտությունը:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ծրագրի հիմնական կետերին և հետաքրքիր այլ մանրամասների է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
94 գործողություն՝ մեկ նպատակ
Ռազմավարական այս ծրագրի իրականացման նպատակն է նոր շունչ, ժամանակակից բովանդակություն և գործուն շեշտադրում հաղորդել Հայաստանում գիտության զարգացմանը:
«94 տարբեր գործողություններ են պլանավորված՝ ռազմավարական մի շարք ուղղություններով: Փորձում ենք ամբողջական դարձնել գիտության ոլորտի զարգացումը: Կարևորվում է ոլորտում պետական նախաձեռնողական քաղաքականության շարունակությունը: Հիմնական նպատակը գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացումն է:
Մեզ համար շատ կարևոր թիրախ է նաև գիտության տնտեսականացումը՝ ուղղված գիտելիքի առևտրայնացման հնարավորությունների մեծացմանը և կիրառականության ապահովմանը:
Կարևորում ենք նաև գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը: Սա նշանակում է, որ հանրային ներգրավվածությունը և ավելի լայն լուսաբանումը, նաև այդ արժեքներին ու նոր ստեղծվող արդյունքներին հանրության առնչակցումը, մեր կարևորագույն թիրախներից է:
Միաժամանակ, կարծում ենք, որ գիտության ոլորտի այդ բոլոր զարգացումները չեն կարող տեղի ունենալ, եթե համարժեք բարեփոխումներ չունենանք նաև գիտության կառավարման և այն առավելապես թափանցիկ, թվայնացված և արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նոր գործիքները՝ զարգացման գրավական
Կարևորվում են նաև նոր գործիքների ստեղծմանն ուղղված մի շարք գործառույթներ: Մասնավորապես, նախատեսվում է հիմնել ռիսկային նախաձեռնություններում ներդրումների իրականացմանը միտված հիմնադրամ՝ պետության և մասնավոր հատվածի ներգրավմամբ:
«Նման հիմնադրամի առկայությունը, ընդ որում՝ պետություն-մասնավոր գործակցությամբ, հնարավորություն կտա, որպեսզի ներդրումներ կատարվեն հեռանկարային գաղափարներում, ինչը կխթանի մեր գիտնականների աշխատանքը և կստեղծի արդյունավետ մեխանիզմ՝ դրանք փորձարկելու և պոտենցիալ տնտեսական արդյունքի վերածելու ուղղությամբ:
Նախատեսում ենք նաև ստարտափների ամբողջական համակարգ զարգացնել: «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում էլ տեխնոլոգիական կլաստերում առանձին ստարտափների թաղամաս ենք պլանավորում: Կարծում ենք, որ սա, թերևս, ամենահեռանկարային ուղղություններից մեկն է:
Նախատեսում ենք նաև մտավոր սեփականության պաշտպանության խթանման լուրջ բարեփոխում կատարել: Սա, թերևս, առևտրայնացմանն ուղղված ամենակարևոր քայլերից է. մտավոր սեփականության պաշտպանության գործուն համակարգերի առկայությամբ մարդը շահագրգիռ է հենց այդ երկրում գրանցել իր մտավոր սեփականության իրավունքը և իրացնել այդ իրավունքից բխող քայլերը: Կարծում ենք, որ սա էլ շատ կարևոր կլինի առևտրայնացման ուղղությամբ: Պետք է լինեն առանձին օղակներ, որոնք զբաղվում են գիտական աշխատանքի արդյունքի առևտրայնացմամբ և մեր ռազմավարությունը նկարագրում է հենց այդպիսի օղակների և համակարգերի ստեղծում»,- գտնում է նախարարը:
Թիրախավորելով գիտության սոցիալական նշանակության բարձրացումը
Ռազմավարության նպատակներից է գիտության սոցիալական ազդեցության բարձրացումը՝ գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանման և հանրային միջոցառումների ներգրավման միջոցով։
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր մաս է մեր աշխատանքի: Նախ, գիտության ոլորտում տեղի են ունենում շատ կարևոր հետազոտություններ, որոնք ուղիղ կապ ունեն մեր կյանքի որակի հետ: Եվ շատ կարևոր է, որպեսզի այդ հետազոտությունները, դրանց արդյունքները պատշաճ ներկայացվեն հանրությանը: Հաշվետվողականությունը շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, գիտությունը զարգանում է գլխավորապես հանրային ներդրումների միջոցով: Հանրությունը պետք է իմանա, թե ուր են գնում այդ ներդրումները: Հանրային հաշվետվողականությունը շատ ուղիղ պարտավորություն է, որը պետք է նաև մեր կողմից իրականացվի:
Վերջապես, գիտության արդյունքների հանրային ներկայացումը շատ կարևոր եմ համարում նաև գիտությամբ զբաղվելու շարունակականությունը խթանելու համար: Հանրային հաշվետվողականությունը և ներգրավվածությունը բերում են նրան, որ մասնագիտական կողմնորոշումը և գիտությամբ զբաղվելու հետաքրքրվածությունը շարունակում են լինել արդիական երիտասարդների համար: Դրան է նպաստում նաև 2021 թվականին ներդրված համակարգը, որի շնորհիվ 2025 թվականի հունվարից մինչև 300 տոկոսի աճ ունենք միայն բազային ֆինանսավորման, գիտաշխատողների բազային վարձատրության»,- արձանագրեց ԿԳՄՍ նախարարը:

Գիտությունների ազգային ակադեմիայի դերի մասին
Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքով՝ Ակադեմիան շատ կարևոր հանձնառություն ունի՝ լինել այն փորձագիտական օղակը, որը կարող է գնահատել գիտական ծրագրերի արդյունավետությունը, մոնիթորինգ իրականացնել, նաև, ըստ անհրաժեշտության, փորձագիտական կարծիք տրամադրել, օրինակ՝ պետությանը, տարբեր ռազմավարական ուղղություններում, ինչպես նաև տարբեր ծրագրերի շուրջ: Այդ իմաստով Ակադեմիան շարունակում է պահպանել իր շատ կարևոր նշանակությունը մեր գիտական համակարգում՝ միաժամանակ ազատվելով ֆինանսական, վարչարարական այն ֆունկցիաներից, որոնք, կարծում եմ, Ակադեմիայի իրական բովանդակային դերը, գուցե, այդքան տեսանելի չէին դարձնում:
Ակադեմիայի հետ շատ երկար քննարկումներ ենք ունեցել թե՛ օրենքի նախագծի շրջանակներում, թե՛ այնուհետև ռազմավարության շուրջ: Կարող եմ ասել, որ իրենք էլ շատ նպատակաուղղված են: Առաջիկայում, թերևս, կհաստատենք Ակադեմիայի նոր կանոնադրությունը: Դրանից հետո ակնկալում եմ, որ նոր ընտրություններ կլինեն, կձևավորվի Ակադեմիայի նոր կազմը, որը, վստահ եմ, կսպասարկի գիտության զարգացման օրակարգն ամբողջությամբ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Առանձին ծրագրեր՝ գերակա ուղղություններով
Գիտական գերակա ուղղություններով նախատեսվում է իրականացնել առանձին ծրագրեր:
«Նոր ռազմավարությունը ֆիքսում է, որ գերակա ուղղություններով պետք է ունենանք կարողությունների զարգացման առնվազն 50, հետազոտական՝ առնվազն 100 և առնվազն 2 համալիր ծրագրեր: Սա նշանակում է, որ առանձին խթանող քայլեր ենք իրականացնելու տարբեր ուղղություններով, ինչպես, օրինակ, արհեստական բանականությունն է, միկրոէլեկտրոնիկայի և տեխնոլոգիական զարգացման մյուս ուղղությունները: Եվ, իհարկե, հայագիտությունն է մեզ համար մնում ռազմավարական կարևոր ուղղություն և շարունակելու ենք այս ուղղությամբ առանձին ջանք դնել: Պետությունը ֆինանսավորում է հայագիտական կենտրոններ ավելի քան 12 երկրների համալսարաններում և այս աշխատանքը շարունակում ենք»,- ասաց նախարարը:
Միջազգային կապեր
Ռազմավարական ծրագրով նախատեսվում է Հայաստանի առնվազն 1000 գիտաշխատողների վերապատրաստում արտասահմանյան առաջատար բարձրագույն ուսումնական կենտրոններում:
«Նախորդող շրջանում արդեն իսկ այդ հնարավորությունն ընձեռել էինք: Հիմա ընդլայնում ենք հնարավորությունները, որպեսզի ավելի մեծ թվով գիտաշխատողներ լինեն արտերկրի կենտրոններում: Ու սա շատ կարևոր եմ համարում, որովհետև նաև փորձի փոխանակումն է ընդլայնում մեր տեսադաշտը: Այսօր էլ մեր գիտական կենտրոններում ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնք այլ երկրներից եկել են և մեզ հետ, մեր միջավայրում աշխատում են: Այս համագործակցությունը գիտության զարգացման միակ տարբերակն է: Բազմաթիվ պայմանավորվածություններ կան:
Գիտեք, որ մեր երկիրը շատ ակտիվ մասնակցում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ Եվրամիության շրջանակային համաձայնագրի մաս ենք: Նախորդ տարի 183 հայտ ենք ներկայացրել «Հորիզոն Եվրոպա» ծրագրում, որը 39-ով ավելին է, քան 2024 թվականին էր: Ընդհանուր առմամբ, «Հորիզոն Եվրոպա» ծրագրով արդեն կարողացել ենք ներգրավել 8.33 մլն եվրո: Սա նախորդ փուլի բյուջեից կրկնակի շատ է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Նախատեսվում է նաև նպաստել օտարերկրյա 150 հետազոտողների և 5 գլոբալ առաջատար հետազոտողների տեղափոխմանը Հայաստան:
«Արդեն ունենք մի իրավիճակ, երբ Հայաստան գալը և այստեղ աշխատելը բավականին գրավիչ է: Այս պահին ավելի քան 30 երկրների 160 գիտնականներ աշխատում են մեզ հետ՝ մեր դրամաշնորհային ծրագրերով: Բնականաբար, մեզ համար առաջնահերթ կլինեն գերակա ուղղությունները. ներգրավելու և հրավիրելու ենք մասնագետների, որոնք հենց այս ոլորտներում են աշխատում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Գիտության ոլորտում մասնավոր ներդրողների ներգրավման մասին
«Սա մեզ համար շատ կարևոր ուղղություն է: Մենք ամենևին չենք կարծում, որ գիտությունը պետք է ֆինանսավորվի միայն պետության կողմից: Ամբողջ աշխարհում պետությունը ֆինանսավորում է հիմնականում ֆունդամենտալ կամ հիմնարար գիտությունը, իսկ արդեն կիրառական գիտության հատվածում գնալով մեծանում է մասնավոր ներդրումների ծավալը: Մենք էլ պետք է խթանենք մասնավոր ներդրումները: Նախատեսում ենք այս ուղղությամբ առանձին ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, մասնավորին ավելի լավ կապել բուհերի հետ: Առանձին առնվազն 300 հետազոտական ծրագրեր կլինեն: Նախատեսում ենք նաև համատեղ առնվազն 200 հրապարակումներ, ինչպես նաև խրախուսել մասնավորի կողմից հրապարակումները գիտական ամսագրերում: Սա կարևոր է նաև, որպեսզի դիվերսիֆիկացնենք գիտության ֆինանսավորումը: Մեր, թերևս, ամենակարևոր թիրախն է 2030 թվականի դրությամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսին, որից 0.75 տոկոսը պետական ֆինանսավորում պետք է լինի, իսկ 0.25-ը՝ մասնավոր»,- ներկայացրեց նախարարը:
Գիտական ուսումնասիրություններից մինչև արտադրություն
«Ակադեմիական քաղաքում կկառուցվեն գիտությունից արտադրություն անցման երեք նախատիպավորման ենթակառուցվածքներ: Դրանք լինելու են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալու գաղափարը հասցնել նմուշի փուլին: Սա կարևոր է, որովհետև տնտեսության մեջ ներդրումը կախված է նմուշների ստեղծումից և փորձարկումից, որն էլ հնարավորություն է տալիս անցնել մասսայական արտադրության: Բնականաբար, ունենք պատկերացումներ, թե դա ինչպես և որ ուղղություններով կարող է լինել, բայց դա բխում է նաև մեր առանձին կլաստերների հայեցակարգերից: Գիտեք, որ Ակադեմիական քաղաքում տարբեր կլաստերներ ենք ունենալու՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և այլն: Յուրաքանչյուր կլաստերի շուրջ աշխատում ենք միջազգային հեղինակավոր բուհի հետ, ինչպես, օրինակ, տեխնոլոգիական կլաստերի ուղղությամբ մեզ օգնում էր Մյունխենի տեխնիկական համալսարանը: Եվ այս կառուցվածքների ձևավորումը ներառված է նրանց առաջարկների փաթեթում: Այսինքն, նրանք տալով տեխնոլոգիական կլաստերի հիմնական կառուցվածքն ու բնութագիրը՝ նաև մատնանշում են այն ուղղությունները, որոնցով այս նախատիպավորման ենթակառուցվածքներն ավելի հեռանկարային կլինեն: Մենք, բնականաբար, այդ խորհրդատվությունն ընդունելով և մեր սահմանած գերակա ուղղությունները հաշվի առնելով՝ այդ ենթակառուցվածքների ձևավորումը կդիտենք որպես Ակադեմիական քաղաքի մաս»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
