2 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող երկու անձի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն են տեղափոխվել սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը հեռախոսային վեճը շարունակելու նպատակով 33-ամյա հետախուզվողն այցելել էր Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ մի տղամարդու տուն, որտեղ ինքն ու մեկ այլ անձ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել տանտիրոջը՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:
Իսկ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը, անցած տարվա դեկտեմբերի 25-ին, դարձյալ հեռախոսային վեճը շարունակելու համար, ժամը 23-ի սահմաններում իր հետ վիճողին հանդիպել է Գյումրիի Մուշ թաղամասում, և ունենալով զենքի գործադրմամբ նրան կյանքից զրկելու նպատակ՝ չորս անգամ կրակել է նրա վրա։
Տուժողը, սակայն, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Երկու հետախուզվողն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։