Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։  

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: 

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակում հետազոտվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով` կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի հարկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ, որոնցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Արդյունքում առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է։

ՊԵԿ-ից հորդորում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում