Աղջիկ, որը փրկելու է աշխարհը. Նունե Սարգսյանը փոքրիկներին ներկայացրեց «Կախարդական կոճակներ» գիրքը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» հեքիաթը պատմում է տասնամյա Սադափ Դարզիի մասին, անվախ աղջնակ, ով փորձում է չար վհուկներից փրկել աշխարհն ու իր պապիկին, որը կախարդանքի արդյունքում կապույտ գույնի է դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին «Զանգակ» գրատանը: Նունե Սարգսյանը զրուցեց երեխաների հետ, քաջալերեց նրանց համտեսել կոճակների տեսքով թխվածքաբլիթները՝ նշելով, որ դրանք կախարդական են, և եթե փոքրիկներն ուտեն այն, կարող են բարի վհուկների վերածվել:
«Այս գրքով ցանկանում եմ ընդգծել ընտանիքի դերն ու կարևոր նշանակությունը երեխաների կյանքում: Սադափն ամեն ինչ անում է, որ չար կախարդանքից փրկի քաղաքի բոլոր բնակիչներին և իր պապիկին: Կարծում եմ՝ հայ փոքրիկներն էլ են այդպիսին. ուզում են միայն բարին անել և խաղաղ, մաքուր, չաղտոտված աշխարհում ապրել, աշխարհ, որտեղ մարդիկ հաշտ ու համերաշխ են»,-ասաց Նունե Սարգսյանն ու հավելեց, որ երեխաներն իր մտքերի աղբյուրն են, որոնցից սովորում է, քաղում է գաղափարներ:
Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատում է «Կախարդական կոճակներ» գրքի հաջորդ մասի վրա, որում Սադափը նոր փորձությունների միջով է անցնում, բարեկամանում է ոսկե վիշապի հետ, որի անունը Կարկանդակ է: Նունե Սարգսյանը ներկայացնելու է նաև «Մրջնակերի պատմությունը» գիրքը: Այն երեխաներին սովորեցնելու է՝ ինչպես խնամել ատամները:
«Նախընտրել ենք «Կախարդական կոճակներ» գրքի շնորհանդեսն անցկացնել Ամանորին ընդառաջ, քանի որ երեխաները սպասում են նվերների, նոր երգեր են սովորում, ուզում են նոր հեքիաթներ լսել:
«Կարծում եմ՝ Նոր տարին հրաշալի ընտանեկան ու բարեկամական տոն է, որին սպասում են ամբողջ տարվա ընթացքում, հատկապես երեխաները: Տոնն իր հետ բերում է հետաքրքիր համեր, վառ գույներ, ուրախություն, երաժշտություն: Համոզված եմ, որ 2020 թվականը հաջող, առողջ ու երջանիկ տարի կլինի»,-եզրափակեց Նունե Սարգսյանը:
Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ փոքրիկներ, որոնք մեծ հետաքրքրությամբ էին լսում սիրելի մանկագրին, պատասխանում նրա հարցերին և ուսումնասիրում գունազարդ գիրքը, իսկ 32 գրադարանը, որը գրքի հիման վրա ներկայացում է բեմադրել, հատված ներկայացրեց բեմադրությունից՝ էլ ավելի ակտիվացնելով փոքրիկներին:
«Կախարդական կոճակներ» հեքիաթի հիման վրա մյուզիքլ է պատրաստում Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը, որի սաներն էլ իրենց հերթին հատված ներկայացրին գեղեցիկ նախաձեռնությունից: