Հասարակական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեական մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես բարձր է պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը. «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեական մարզադպրոցի սաները բազմիցս ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը՝ միջազգային մրցասպարեզում հպարտորեն ծածանելով մեր եռագույնը։

Այս առումով ցանկանում եմ հիշատակել բնագավառի այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են՝ Սուրեն Ղազարյանը, Ալբերտ Նիկոլյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աշոտ Ավետիսյանը, վերջերս Մինսկում կայացած Եվրոպական խաղերից մեդալներով վերադարձած Գոռ Ներսեսյանը և Կարեն Տոնականյանը: Վստահ եմ՝ Հայաստանի անունը հնչեցնողները տարեցտարի ավելանալու են, և պարբերական հաղթանակներն ու տիտղոսները դեռ երկար ժամանակ հպարտության զգացում են պարգևելու բոլորիս: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին տարիներ շարունակ մարզադպրոցի առաջատար դիրքը պահելու, նվիրյալ աշխատանքի և ուժեղ ու կամային մարզիկներ պատրաստելու համար»,- ասել է Ա․ Հարությունյանը՝ մարզադպրոցի անձնակազմին մաղթելով ուժ ու եռանդ, մարզիկներին՝ շարունակական նվաճումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում